Մոսկվայում կկայանա «Ոսկե նուռ» հայկական ապրանքների ամենամյա տոնավաճառը

Սեպտեբերի 14-17-ը Մոսկվայի կենտրոնի Հեղափոխության հրապարակում կկայանա ամենամյա «Ոսկե նուռ» հայկական ապրանքների ամենամյա տոնավաճառ: Այս վառ և կոլորիտային միջոցառումը կանցկացվի 13-րդ անգամ` Մոսկվայի կենտրոնում` Մոսկվայի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո:

Փառատոնի մասին մանրամասներ իմանալու նպատակով 1lur.am-ի թղթակիցը զրուցել է  «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանի հետ:

«Հայկական մշակույթի «Ոսկե նուռ» փառատոնն ամեն տարի աշնան է տեղի ունենում: Հիմնականում այստեղ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են մասնակցում, անցկացնում տարբեր մաստեր կլասսներ: Անցյալ տարի մենք ևս մասնակցել ենք, այս տարի ևս մասնակցելու ենք: Դպրոցականները հանդես կգան պարերով, իսկ մեծերը` երգերով: Կհնչի Ջիվանու և Առնո Բաբաջանյանի երգերը: Երեկոյան երիտասարդները կպարեն ազգային պարեր, կծածանեն Արցախի և Հայաստանի դրոշները»,-նշեց Աղասի Արաբյանը:

Աղասի Արաբյանի խոսքով` բացի հայերից, փառատոնին կմասնակցեն նաեւ բելառուսները, հույները, վրացիները, ղազախները եւ այլք: Սովորաբար, շատ են լինում նաև զբոսաշրջիկները` աշխարհի տարբեր ծայրերից:

«Պետք է փաստել, որ «Ոսկե նուռ»-ը ոչ միայն հայերի համար է կարևոր տոն: Մենք` հայերս, ուրախ ենք, որ Երևանի և Մոսկվայի քաղաքապետարանների միջև կա շատ ջերմ և գործնական հարաբերություններ: Ուստի, շնորհակալ ենք` Երևանի քաղաքապետին և Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը»,- նշեց Աղասի Արաբյանը և հավելեց, որ նման միջոցառումները նպաստում են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների առավել ջերմացմանը:

Նշենք, որ փառատոնի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 14-ին` 12:00-ին:

Տոնավաճառը բաց կլինի` սեպտեմբերի 14-17-ը (10:00-21:00), մաստեր կլասսները` սեպտեմբերի 14-15-ը (15:00-19:00), սեպտեմբերի 16-17-ը (12:00-19:00), ֆիմերի ցուցադրությունը` սեպտեմբերի 14-ին (17:00-21:00), սեպտեմբերի 15-ին (12:00-21:00), սեպտեմբերի 16-17-ը (20:00-21:00):