Ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասում ախտորոշված դեպքերի հետ, որտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում. Փաշինյան

Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք, որից 19-ը առնչվում են Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության արարողության հետ, եւս 3 հոգի առնչվում են առաջին ախտորոշված դեպքի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը:

Նրա խոսքով, ամենամտահոգող դեպքն այսօրվա դրությամբ երեկ ախտորոշված դեպքերն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում. «Այդ արտադրական ձեռնարկության ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է եւ այդ մարդիկ կմեկուսացվեն.ժասաց Փաշինյանը:

«Լավ նորությունն այն է, որ առաջին պացիենտը բուժվել է եւ գտնվում է իրենց տանը: Կորոնավիրուսի հետ կապված միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն վտանգավոր է առանձնապես 70 եւ բարձր տարիքի անձանց համար: Մահվան դեպքերը այդ խմբին է բաժին ընկնում: Այս պահին 60-ից բարձր 3 պացիենտ ունենք, նրանցից միայն մեկն է թոքաբորբ տանում: Այս պահի դրությամբ իրավիճակը կարելի է համարել կառավարելի:

Ամենամեծ ռիսկը, ըստ էության, կապված է արտադրամասի հետ, որտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում: Մենք կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով վստահ լինել»,-ասաց նա: