Utair-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան

Utair Airlines-ը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս եւ Տաջիկստան: Այս մասին լրագրողներին հաղորդել են ավիաընկերության մամուլի ծառայությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կասեցվել են մարտի 19-ից ապրիլի 30-ը դեպի Մինսկ եւ հակառակը ուղղությամբ չվերթները, մարտի 20-ից ապրիլի 30-ը դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթները»,- նշվում է ավիափոխադրողի կայքում տեղադրված կորոնավիրուսի պատճառով դադարեցված թռիչքների մասին բաժնում:

Բացի այդ, մարտի 18-ից ապրիլի 30-ը կասեցվել են թռիչքները Սուրգուտից եւ Տյումենից դեպի Բաքու եւ հակառակը ուղղություններով, Մոսկվայից դեպի Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ, ինչպես նաեւ մարտի 18-ից ապրիլի 30-ը Սուրգուտից դեպի Խուջանդ (Տաջիկստան) եւ հակառակ ուղղությամբ թռիչքները` բացառությամբ այն թռիչքների, որոնք նախատեսված են մարտի 21-ին:

Ավելի վաղ Utair-ը դադարեցրել էր թռիչքները Ռուսաստանից Ուզբեկստան, Բեռլին, Միլան, Ռիգա եւ Վիեննա: Ավիաընկերությունն առաջարկում է չեղյալ չվերթների տոմսեր գնած անձանց վերադարձնել դրանց ամբողջ արժեքը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհի ավելի քան 150 երկրում մոտ 160 հազար մարդ է վարակվել, նրանց մեծ մասը առողջացել է, մահացել է ավելի քան 6 հազար մարդ: Իրանի իշխանությունների վերջին տվյալների համաձայն` կորոնավիրուսից մահացել է 853 մարդ, վիրուսով վարակման դեպքերի թիվը մոտենում է 15 հազարի: