Կորոնավիրուսն ավելի է աղտոտում համաշխարահային օվկիանոսը․ Reuters

Կորոնավիրուսը վնասում է շրջակա միջավայրին եւ հանգեցնում է համաշխարհային օվկիանոսի ավելի շատ աղտոտման։ Այս մասին են վկայում Oceanasia-ի բնապահպանների գտածոները, հայտնում է Reuters-ը։

Էկոակտիվիստ Հարի Սթոուքսը զբաղվում է Հոնկոնգի առափնյա ջրերի մաքրությամբ։ Նրա ցանցի մեջ ավանդաբար ընկնում են պլաստիկե շշեր, ցելոֆանե տոպրակներ, ռետինե ձեռնոցներ։ Սակայն վերջին շաբաթներին մարդկային կենսագործունեության արհեստական ապրանքների այդ հավաքածուին ավելացել է նոր բաղադրիչ։

«Այս վայրեր անցյալ այցելության ժամանակ մենք հանկարծ արտանետումների մեջ սկսեցինք նկատել վիրաբուժական դիմակներ, որոնք մարդիկ այժմ մշտապես կրում են կորոնավիրուսի տարածման պատճառով։ Նրանք տառացիորեն դրանցով լցրել են լողափը։ Դրանք ամենուր են։ Մենք մի փոքրիկ հատվածից մոտ 70 դիմակ ենք հավաքել։ Մեզ դա շատ է անհանգստացնում»,- ասել է նա։

Հոնկոնգը, որպես Չինաստանի մաս, հայտնվել է կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի կենտրոնում։ Այդ քաղաքի մասին առանձին վիճակագրություն չկա, սակայն հայտնի է, որ այնտեղ վարակից առնվազն երեք մարդ է մահացել։

Բրիտանական նախկին գաղութի բնակիչները առանց բժշկական դիմակների փողոց դուրս չեն գալիս։ Ըստ կանոնների՝ պաշտպանության այս միջոցները միանգամյա են եւ օգտագործումից հետո ենթակա են ոչնչացման, քանի որ կարող են վարակ կրել իրենց վրա։