100 հազար դրամ՝ աշխատանքը կորցրած ծնողներին. Փաշինյանը՝ նախատեսվող աջակցության փաթեթի մասին

Ես ձեզ հասկանում եմ, աբողջությամբ կիսում եմ մտահոգությունները, բայց, որ ձեր հարցերին նայում ենք, տպավորություն է, թե ամբողջ աշխարհն ապրում է իր կյանքով, պայմանագրեր են կնքում, արտադրում են, մատակարարում են, քեֆ են անում, բայց կորոնավիրուսը մտել է Հայաստան եւ մեր ազնիվ ցեղը կորչելու է զուր տեղը։ Ամբողջ աշխարհում է այդ իրավիճակը։  Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, Աժ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին, որ հատկապես մարզերում կան թեթեւ արդյունաբերական շատ արտադրամասեր եւ աշխատակիցները չգիտեն՝ իրենց աշխատավարձը պահպանվում է, թե ոչ։ Արդյոք կա՞ համաձայնություն սեփականատերերի հետ աշխատողների աշխատավարձերի պահպանման ուղղությամբ, պատրա՞ստ ենք աջակցել տնտեսվարողներին այս ուղղությամբ։

Վարչապետի խոսքով՝ վաղը կառավարության նիստում 5 փաթեթ է ընդունվելու.

«Քաջալերելու ենք, որպեսզի բիզնեսը մարդկանց աշխատավարձերը տա, խրախուսելու ենք այն բիզնեսներին, որոնք աշխատատեղերը չեն կրճատում, եւ աշխատավարձերը վճարում են։ Սոցիալական աջակցության փաթեթ ենք ընդունելու այն երեխաների համար, որոնց ծնողները վերջին արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ այսօր, կորցրել են իրենց աշխատանքը, այդ երեխաներին 100 հազար դրամ աջակցության փաթեթ ենք տալու։ Այն ընկերությունները, իհարկե ոչ բոլոր սեգմենտներում, որոնք արտակարգ դրությունից հետո իրենց աշխատատեղերի քանակը չեն կրճատել, աշխատողների մի մասի աշխատավարձը մենք ենք վճարելու, կառավարությունն է վճարելու, այսինքն գրանտ ենք տալու մենք այդ ընկերություններին»։