Ադրբեջանի ԱԳՆ-ը նոտա է հանձնել Ղազախստանի դեսպանին՝ Կասպից ծովում միջադեպի հետ կապված

Ադրբեջանի արտգործնախարարությունը նոտա է հանձնել Ղազախստանի դեսպանին՝ Կասպից ծովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետեւանքով հանրապետության մեկ քաղաքացի սպանվել եւ երկուսը վիրավորվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«Մայիսի 2-ին Բաքվում Ղազախստանի դեսպան Սերժան Աբդիքարիմովը, փոխնախարար Խալաֆ Խալաֆովի կողմից հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել Ղազախստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայության ծովային պարեկության կողմից Ադրբեջանի քաղաքացիներ Գ. Իբրահիմովին, Է. Նուրիեւին, Է.Ահմեդովին եւ Շ․ Նովրուզովին կալանավորելու ժամանակ զենքի գործադրման կապակցությամբ, որի հետեւանքով մեկ մարդ սպանվել եւ երկուսը վիրավորվել են, եւ նրան Ադրբեջանի ԱԳՆ-ի համապատասխան նոտա է հանձնվել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում Խալաֆովը նշել է, որ հրազենի օգտագործումը, որի հետեւանքով անձը մահացել է, «չի համապատասխանում երկու երկրների սահմանապահ ծառայությունների համագործակցության մեխանիզմին, Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու եղբայրության ոգուն»: Նա դիմել է ղազախական կողմին՝ միջադեպի հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության եւ հետաքննության արդյունքների մասին տեղեկացնելու, ինչպես նաեւ հանգուցյալի դին արագ փոխանցելու խնդրանքով:

Իր հերթին, Աբդիքարիմովը խորը ափսոսանք է հայտնել մարդու մահվան կապակցությամբ: Նա նշել է, որ ինքն իր պետությանը կփոխանցի ադրբեջանական պետության նոտան եւ մտահոգությունը, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: