ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին կորոնավիրուսը որպես ընդդիմությանը հետապնդելու պատրվակ չօգտագործել

Ադրբեջանի մոնիթորինգի հարցերով ԵԽԽՎ զեկուցողներ Ստեֆան Շեննախը եւ սըր Ռոջեր Հեյլը, իրենց մտահոգությունն են հայտնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատրվակով իշխանություններին քննադատողների հետապնդման, ինչպես նաեւ անարդար դատավարություններով դատապարտված բանտարկյալների անվտանգության վերաբերյալ, որոնց միջազգային հանրությունը համարում է քաղբանտարկյալներ:

«Մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստացել կառավարության ընդդիմախոսների դեմ բռնաճնշումների եւ խոսքի ազատության սահմանափակումների մասին, ներառյալ ինտերնետի հասանելիությունը՝ COVID-19 համավարակի դեմ անվտանգության միջոցառումների պատրվակով»,- ասել են նրանք:

«Ընդդիմության ավելի քան 15 ակտիվիստներ եւ լրագրողներ դատապարտվել են մինչեւ 30 օր ազատազրկման` կարանտինի կանոնները խախտելու կամ ոստիկանության հրամաններին չհնազանդվելու մեղադրանքով: Մեզ հատկապես անհանգստացնում են այն տեղեկությունները, որ «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլին դե ֆակտո ենթարկվել է տնային կալանքի եւ արգելափակել են նրա ինտերնետային ու հեռախոսային գծերը։

«Ցավոք, այս ձերբակալությունները նմանվում են կառավարության քննադատների դեմ երկարատեւ բռնաճնշումների վաղեմի օրինակին: Ներկա միջավայրում մենք հատկապես անհանգստացած ենք քաղբանտարկյալների եւ խղճի կալանավորների անվտանգությամբ, քանի որ նրանց առողջությունն ու կյանքը վտանգված են COVID-19-ով հավանական վարակման պատճառով»:

«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում խստորեն պահպանել խոսքի ազատության հետ կապված երկրի միջազգային պարտավորությունները եւ զերծ մնալ քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցառումները չարաշահելուց»,- եզրափակել են նրանք: