Փորձագետը Հայաստանի ՀՆԱ աճի տեմպի 5 տոկոս անկում եւ գործազրկության աճ է կանխատեսում

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2020թ.-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4 տոկոս, սակայն դա բացառապես պայմանավորված է հունվար եւ փետրվար ամիսներին արձանագրված ցուցանիշներով, քանի որ մարտ ամսին տնտեսության բոլոր ոլորտներն անկում են գրանցել (շինարարության ոլորտն արձանագրելով երկնիշ նվազում` շուրջ 26 տոկոս): 

Զուգահեռաբար՝ 2020թ.-ի ապրիլին գնաճը կազմել է 0.9 տոկոս, իսկ որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով արձանագրվել է գների կտրուկ աճ, հավելեց Առաքելյանը:

«Իրականում, արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ՝ փաստացի սառեցվել է տնտեսությունը եւ, միևնույն ժամանակ, արդյունավետ վերահսկողություն չի իրականացվել՝ չհաղթահարելով վարակի տարածման ինտենսիվության աստիճանը: Այս ճգնաժամային փուլում ՀՀ կառավարության ռազմավարական մոտեցումները տեսանելի չեն: Տպավորություն է, որ չկա նախանշված երկարաժամկետ ճանապարհային քարտեզ սոցիալ-տնտեսական բացասական ազդակները չեզոքացնելու ուղղությամբ, իսկ իրականացվող քայլերն իրավիճակային են և չեն ենթարկվել խորը վերլուծության»,- նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա, ըստ նրա, առաջին եռամսյակի տվյալները հասանելի կլինեն միայն հուլիսին, սակայն պետք է փաստեմ, որ վերջին տվյալներով օտարերկրյա ուղղակի ներդրումները 2019թ.-ին մնացել են նույն մակարդակի վրա՝ կազմելով 254.5 մլն ԱՄՆ դոլար (0.1 տոկոս աճ), սակայն 45 տոկոսով նվազել են վերաներդրված եկամուտները. «Իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 48.1 մլրդ ՀՀ դրամ (ստացումների և մարումների տարբերություն)՝ նվազելով ավելի քան 35 տոկոսով, ինչը բավական մտահոգիչ է»:
«Միջազգային կազմակերպությունները վերագնահատել են գլոբալ աճի իրենց կանխատեսումները: ՀԲ-ն իր վերջին հրապարակած զեկույցում կտրուկ նվազեցրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսված մակարդակը՝ հասցնելով այն շուրջ 1.7 տոկոսի, իսկ ԱՄՀ-ը Հայաստանում կանխատեսում է 1.5 տոկոս անկում։ Համաձայն ՎԶԵԲ կանխատեսումների՝ 2020թ.-ին Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 3.5 տոկոս: Կորոնավիրուսի տարածման պայմաններում ԿԲ-ն ևս վերանայել է աճի կանխատեսումը՝ դարձնելով 0.7 տոկոս»,- ասաց Մարինե Առաքելյանը:

«Նշեմ, որ թե´ համաշխարհային տնտեսությունը, թե´ Հայաստանը այսօր կրում են շոկի ազդեցությունը, և իրականացվող ցանկացած կանխատեսում կատարվում է որակապես և քանակապես էական անորոշության պայմաններում, երբ շեղման ռիսկերը բավական բարձր են: Կարծում եմ, Հայաստանի դեպքում կորոնավիրուսի ազդեցությունը հանգեցնելու է դրամական փոխանցումների և մասնավոր տրանսֆերտների կրճատումներին, որոնք կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոսը, ինչպես նաև աճելու է գործազրկության մակարդակը՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով Կառավարության համար: Մյուս կողմից՝ համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գներն անկում են գրանցել, իսկ Հայաստանի արտահանման կառուցվածքը բավական խոցելի է, քանի որ բավական բարձր է մետաղական և հանքահումքային ծագում ունեցող արտադրանքի տեսակարար կշիռը վերջինիս կառուցվածքում: Հաշվի առնելով նաև զբոսաշրջության ոլորտում փաստացի զարգացումները՝ առաջիկա ամիսներին ակնկալվում է զգալի տնտեսական անկում: Շատ բան կախված է լինելու հետճգնաժամային կառավարումից և իրականացվող ծրագրերի արդյունավետությունից: ՀՀ կառավարության հակազդումը թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ոլորտում պետք է լինի ավելի մասշտաբային: Չեմ կարծում, որ 150 մլրդ աջակցության փաթեթը, ինչը կազմում է մեր ՀՆԱ-ի 2 տոկոսը, բավարար է առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համար և համախառն պահանջարկը խթանելու համար: Կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ տնտեսության իրական հատվածի ազդեցությունը կզգացի արդեն երկրորդ եռամսյակից, ինչը կարտահայտվի թե´ ամբողջական պահանջարկի, թե´ ամբողջական առաջարկի նվազմամբ: Ըստ իս, Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճի տեմպի կրճատումը կլինի 5 տոկոսի սահմաններում»,- ասաց փորձագետը:

Ըստ Մարինե Առաքելյանի՝ փոխարժեքի տատանումը մի քանի գործոնից է կախված լինելու. «Տվյալ փուլում դժվար է կանխատեսել միջակայքը, քանի որ այն կախված է լինելու համավարակով պայմանավորված ճգնաժամի տևողությունից, ինչպես նաև տնտեսության վերականգման տեմպից, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ մի շարք զարգացած և միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրներում, ՀՀ արտահանման և ներմուծման ծավալներից, և ԿԲ-ի վարած գների կայունացմանն ուղղվող քաղաքականությունից: Նշեմ, որ ՀՀ ԿԲ-ն իր իրավասությունների շրջանակում ունի ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմ, որոնք ըստ անհրաժեշտության կարող է կիրառել ֆինանսական համակարգի վրա հնարավոր բացասական ազդեցությունները չեզոքացնելու կամ մեղմելու համար։ Չեմ կարծում կուրսի զգալի տատանումներ կարձանագրվեն, քանի որ ԿԲ-ն, ունենալով պահուստների բարձր մակարդակ, ըստ անհրաժեշտության կարող է միջամտել արտարժութային շուկան կարգավորելու նպատակով»:

Փորձագետի խոսքով՝ 2019թ.-ի ՀՀ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ներքին պահանջարկի աճով, հատկապես մասնավոր սպառման բարձր մակարդակով, որը ֆինանսավորվում էր վարկային միջոցների հաշվին. «2019թ.-ին ՀՀ տնային տնտեսություններին տրամադրված սպառողական վարկերի ծավալների աճը կազմել է շուրջ 30%, սակայն առաջանցիկ տեմպով չեն աճել վերջիններիս տնօրինվող եկամուտները: Ուստի այս պայմաններում, ճգնաժամի խորացմանը զուգահեռ, բնականաբար կավելանան անհուսալի վարկերի քանակը` հատկապես տնային տնտեսությունների եկամուտների կրճատման պարագայում, սակայն կարճաժամկետ կտրվածքով այն չի կարող հանգեցնել համակարգային ճգնաժամի»:

«Վերջին շրջանում, պայմանավորված գերծանրաբեռնված պարտքային պարտավորություններով, բավական ակտիվացել են բանկային համակարգի նկատմամբ քննադատությունները, ինչը, կարծում եմ, ամբողջությամբ արդարացված չէ, նաև հաշվի առնելով այն գործոնը, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առևտրային բանկերն իրենց նախաձեռնությամբ վարկային արձակուրդներ և անհատական մոտեցում ցուցաբերեցին իրենց հաճախորդներին, ինչպես նաև ընդգրկվելով Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում՝ օժանդակում են Կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը՝ լուծելով իրացվելիության և վճարունակության խնդիրներ»,- եզրափակեց Մարինե Առաքելյանը: