Հայկական բիզնեսը կշահի ԵՏՄ սննդային եւ ոչ պարենային ապրանքների առաքման կանոնների պարզեցումից

Եվրասիական տնտեսական միությունում պարզեցվել են սննդային եւ ոչ պարենային ապրանքների փոխադրման պահանջները: Ռուսաստանի Դաշնությունը չեղյալ է հայտարարել եվրասիական «հնգյակի» երկրների ներքին շուկայում նման արտադրանքի առանձին փոխադրման պահանջները: Այս մասին հայտարարել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը:

«Կանոնների պարզեցումը կարեւոր գործոն է ԵՏՄ ներքին շուկայում անարգել միջավայր ստեղծելու, Հայաստանի եւ միության մյուս անդամների տնտեսական զարգացման համար: Մասնավորապես, հայկական բիզնեսը կկրճատի իր ծախսերը, ինչն իր հերթին դրականորեն կազդի Միության շրջանակներում մրցունակության եւ շուկայական ինտեգրման վրա»,- ասել է Վարդանյանը: Ավելի վաղ ԵՏՄ երկրների ներքին շուկայում իրավիճակի մոնիթորինգի ընթացքում ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչությունը պարզել էր, որ ռուսական կողմը լրացուցիչ պահանջներ է ներկայացնում պարենային ապրանքների փոխադրման համար, որոնք «Սննդամթերքի անվտանգության մասին» միության տեխնիկական կանոնակարգի կարգավորման օբյեկտ են հանդիսանում։

Միութենական տեխնիկական կանոնակարգի համաձայն, ապրանքների տարբեր խմբերի միաժամանակյա փոխադրումը թույլատրվում է: Սակայն անհրաժեշտ է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք բացառում են սննդամթերքների շփումը, աղտոտումը եւ օրգանոլեպտիկ հատկությունների փոփոխությունները: Համապատասխան խորհրդակցություններ են անցկացվել գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որոնք մասնակցում են նման փոխադրման գործընթացի կարգավորմանը: Այժմ Ռուսաստանի սանիտարական կանոնները համապատասխանեցվել են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի նորմերին: