Արդյոք ԵՏՄ-ում կներդրվեն ապրանքների նկատմամբ հսկողության մեխանիզմներ. Քննարկումներ ԱԺ հանձնաժողովում

Այս համաձայնագիրը բավականին երկարատեւ ու բարդ քննարկումներից հետո ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին Նուր Սուլթանում եւ հիմա խորհրդարանի վավերացման անհրաժեշտությունն ունի: Այս մասին մայիսի 22-ին Ազգային ժողովում Տարածաշրջանային հարցերով եւ Եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը:

Փաշայանը նշեց, որ համաձայնագրի հիմնական նպատակն է ապրանքների տեղաշարժի օրինականության ապահովումը, որոնք ԵՏՄ անդամ մի պետությունից մյուսն են փոխադրվում, ապրանքների նկատմամբ հսկողության մեխանիզմի օգտագործմամբ, ինչպես նաեւ պայմանների ստեղծումը, որոնք բացառում են մաքսային եւ հարկային վճարումներից խուսափել թույլ տվող տարբեր սխեմաների օգտագործումը, միաժամանակ ապահովելով ապրանքաշրջանառության հետ կապված գործարքների վերահսկումը:

«Համաձայնագրով որոշվում է Եվրասիական տնտեսական միության գոտում ապրանքների նկատմամբ հսկողության մեխանիզմի ստեղծման եւ գործառնության կարգը»,- ասաց Փաշայանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ ապրանքների նկատմամբ հսկողության մեխանիզմի գործունեության շրջանակում անդամ պետությունները պարտավորվում են տեղեկատվական փոխգործակցություն ապահովել հսկողության ազգային համակարգերում պարունակվող տեղեկությունների էլեկտրոնային փոխանակման միջոցով:

Համաձայնագրով նախատեսվում է, որ հսկողությունն իրականացվելու է այն ապրանքների գծով, որոնք մտցված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաստատած ցուցակի մեջ:

Քննարկումներից հետո խորհրդարանականները այս համաձայնագրի վավերացմանը դրական եզրակացություն տվեցին: