Փոխվարչապետ. կարծում եմ՝ Հայաստանի բնակչության համար գազի գինը չի բարձրանա

Հնարավոր են այնպիսի մոտեցումներ, որպեսզի Հայաստանի բնակչության համար գազի գինը չբարձրանա, իսկ տնտեսվարող սուբյեկտների համար՝ չդառնա կրիտիկական եւ չհանգեցնի գնաճի: Սակայն դա միայն կանխատեսում է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Բելառուսի եւ Ղրղզստանի հետ համեմատ՝ Հայաստանում գազի բարձր գինը պայմանավորված է Վրաստանի հաշվին հավելյալ տարանցիկ մարժաներով, ինչպես նաեւ հեռավորությամբ եւ մատակարարումների ինքնարժեքով:

«Գնի ձեւակերպման գործում շատ կարեւոր են սակագները, եւ մենք ցանկանում ենք, որ դրանք առավելագույնը միասնական լինի: Մենք այդ հարցը քննարկում ենք ԵԱՏՄ հարթակում, քանի որ այդ գործոնը էական սոցիալ-տնտեսական ազդեցություն է գործում Միության բոլոր անդամների վրա»,-նշել է Գրիգորյանը:

Նա նաեւ նշել է, որ տարբերակը, որն ընդունելի է Ռուսաստանի եւ Ղազախստանի համար, հավելյալ քննարկումների կարիք ունի, այն դեպքում, երբ Երեւանն ակնկալում է ավելի օպերատիվ արդյունքներ: