Թուրքիան հավակնություններ է դրսեւորում Արկտիկայի եւ Անտարկտիկայի հանդեպ՝ ձգտելով դառնալ բեւեռային տերություն

Թուրքիան արագացնում է իր գիտական հետազոտությունները եւ գիտարշավային միջոցառումները Արկտիկայում ու Անտարկտիկայում՝ ձգտելով դառնալ բեւեռային տերությւուն, ինչպես կլիմայի փոփոխության ուսումնասիրման, այնպես էլ այն բանի համար, որպեսզի հավակնի կոմերցիոն հնարավորություններին եւ պաշարների արդյունահանմանը, հայտնում է Anadolu-ն։

«Թուրքիան ամեն տարի իրականացնում է բեւեռային հետազոտությունների ավելի արդյունավետ նախագծեր՝ ավելացնելով իր հզորությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի Թուրքական բեւեռային հետազոտությունների առաջին կենտրոնի ղեկավար Բուրկու Օզոյը։

2016թ․ ապրիլին հետազոտողների թուրքական խումբն առաջին անգամ այցելեց Անտարկտիկա՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը ուսումնասիրելու համար: Թիմում ընդգրկված էին 14 բժիշկներ, բուսաբաններ, երկրաբաններ եւ օվկիանոսագետներ՝ յոթ համալսարաններից:

Թուրքական արկտիկական գիտական արշավախումբը 2019 թ. ստեղծել է ժամանակավոր բեւեռային բազա՝ Անտարկտիկայում, մշտական բազա ստեղծելու տեխնիկատնտեսական հիմնավորումները ավարտական փուլում են: «Եթե ամեն ինչ ընթանա պլանի համաձայն, մեր նպատակն է մինչեւ մեր հանրապետության հարյուրամյակը (2023) գիտական բազա գործարկելը»,- ասել է Օզոյը:

Թուրքիայի անտարկտիկական գիտական արշավախմբի ղեկավար Էրսան Բաշարը կարծում է, որ ամենամյա գիտական արշավախմբերը եւ բեւեռներում նախագծերի ընդլայնումը «հզորացրել են Թուրքիայի բեւեռային քաղաքականությունը»:

Բայց, ուսումնասիրելով եւ դիտարկելով կլիմայի փոփոխության հետեւանքները, թուրք գիտնականները նաեւ ուսումնասիրում են կոմերցիոն հնարավորությունները եւ բեւեռներում բնական պաշարների արդյունահանումը:

Օզոյի խոսքերով՝ Արկտիկան տիրապետում է աշխարհում ածխաջրածնային պաշարների գրեթե մեկ երրորդին, իսկ Անտարկտիկան հարուստ է պղինձով եւ երկաթով:

Բաշարն ասել է, որ Անտարկտիկան հսկայական ներուժ ունի խեցգետնի, փոքր խեցգետնի ստացման համար, որը սպիտակուցի եւ omega-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր է։ «Ծովախեցգետիններ հավաքելը եկամտի կարեւոր աղբյուր կլինի Թուրքիայի համար»,- ասել է Բաշարը։

Նրա խոսքերով՝ որոշ թուրքական ընկերություններ իրականացրել են նշանակալի նախագծեր, որոնք կապված են Արկտիկայի սահմանակից երկրներում շինարարության եւ գազի արդյունաբերության հետ: «Թուրքիան պետք է մեծացնի իր դիտորդի կարգավիճակը Անտարկտիկայում, որպեսզի դառնա որոշումներ կայացնող երկրներից մեկը: Թուրքիան հասնելու է իր նպատակին՝ ավելացնելով իր գիտական հզորությունը Անտարկտիկայում»,- կարծում է նա։