Ուկրաինայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին խոցված ինքնաթիռի սեւ արկղերի շուրջ որոշման պատճառով․ ԶԼՄ-ներ

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը կանչել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մանուչեխրա Մորադիին զրուցելու Թեհրանի օդանավակայանի մերձակայքում իրանական հրթիռի խոցած PS-752 չվերթը կատարող օդանավի կործանման հետաքննությանը վնաս հասցնելու Իրանի նոր փորձերի շուրջ։ Այդ մասին պատմել է «Եվրոպեյսկայա պրավդա»-ին դիվանագիտական աղբյուրը։

Ուկրաինացի դիվանագետները պնդում են, որ Իրանը ջանքեր է գործադրում պետությունների միջեւ խնդիրներ ստեղծելու համար, որոնց քաղաքացիները զոհվել էին այդ հրթիռային հարձակման հետեւանքով։ ԱԳՆ-ում այդպիսի գործիքներից մեկը համարվում է Թեհրանի հայտարարությունը օդանավի «սեւ արկղերը» տրամադրելու հրաժարման շուրջ։

«Այժմ մենք միավորում ենք Իրանի վրա ճնշում գործադրելու ջանքերը մյուս տուժած պետությունների հետ միասին։ Իրանին դա դուր չի գալիս, նա փորձում է պառակտում մտցնել մեր եւ գործընկերների միջեւ, մասնավորապես, շանտաժի ենթարկելով սեւ արկղերը փոխանցելու հարցում»,-պարզաբանել է զրուցակիցը՝ հավելելով, որ Իրանը պետք է ապահովի արկղերի պատշաճ վերծանումն առանց հապաղելու։ Ինչպես հայտնի է, շուրջ 5 ամսվա ընթացքում՝ սկսած աղետի օրվանից, սեւ արկղերի մանրամասն վերծանումը դեռեւս չի անցկացվել։

ԱԳՆ-ում նշել են, որ չնայած Իրանի հակասական հայտարարություններին՝ «չեն մասնակցի առանձին բանակցությունների» եւ կանեն ամեն ինչ պետությունների կոալիցիան պահպանելու համար, որոնք ձգտում են հասնել աղետի արդար հետաքննության։

Եւ չնայած Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ դեռեւս նախքան Թեհրանի կողմից սեւ արկղերը տալու հրաժարման մասին իրանական ԶԼՄ-ների՝ նոր հայտարարությունների տարածումը՝ դրանք նույնպես կքննարկվեն։

«ԱԳՆ է հրավիրվել Իրանի դեսպանը, որի հետ նախատեսվում է բարդ զրույց։ Չի բացառվում, որ տեղեկատվության այդ արտահոսքը կապված է հենց այդ իրադարձության հետ»,-պարզաբանել է լրատվականի զրուցակիցը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն, որ Իրանը հրաժարվել է փոխանցել Ուկրաինային հունվարին Թեհրանի մերձակայքում խոցված ուղեւորատար ինքնաթիռի սեւ արկղերը։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որը պատկանել է «Ուկրաինական միջազգային ավիաուաղիներ» ընկերությանը։ Ինքնաթիռում գտնվել է 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ։ Նրանք բոլորը զոհվել են, այդ թվում՝ 30 օտարերկրացի, ինչպես նաեւ Ուկրաինայի 11 քաղաքացի։

Իրանն ամբողջովին ընդունել է մեղքը խոցված ինքնաթիռի համար՝ անվանելով տեղի ունեցածը մարդկային սխալի հետեւանք։