ՄԱԿ-ը մեկնարկում է նոր սոցիալ-տնտեսական նախաձեռնություն՝ ՀՀ-ում ՔՈՎԻԴ-19-ից առավել տուժած բնակչությանը աջակցելու համար

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը 1 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից (Recover Better Fund)՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի անմիջական եւ կարճաժամկետ սոցիալ-տնտեսական հետեւանքները լուծելու համար՝ օգտագործելով առկա բազմոլորտային արձագանքը:

Հայաստանի համատեղ ծրագիրը, որը կրում է «ՔՈՎԻԴ-19-ը եւ կայունությունը Հայաստանում. խոցելի մարդկանց եւ համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմացումը» անվանումը, մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի յոթ գործակալությունների՝ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարության ներքո՝ ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը եւ հայ ժողովրդին՝ հատկապես արձագանքելով Հայաստանում առավել խոցելի բնակչության կարիքներին, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, միայնակ մայրերին, մեծահասակներին, ընտանեկան բռնություն վերապրած անձանց, առաջնագծի աշխատողներին, տեղահանված մարդկանց եւ աշխատանքային միգրանտներին, ինչպես նաեւ՝ համավարակից տուժած փոքր բիզնեսներին:

Նախաձեռնության մասին նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝  ՔՈՎԻԴ-19-ի արձագանքի շուրջ Հայաստանում ՄԱԿ-ի թիմի եւ ՀՀ Կառավարության, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ մի շարք նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման ժամանակ:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ջանք չի խնայել՝ մշակելու արդյունավետ համագործակցություն, որը կօգնի ամրապնդել Հայաստանի կառավարության կարողությունները եւ ուղղակիորեն կարձագանքի ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության հանդեպ առավել խոցելի խմբերի եւ համայնքների խնդիրներին՝ համոզվելով, որ ոչ ոք չի անտեսվել», — քննարկման ժամանակ ասաց Շոմբի Շարփը:

«Կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին` այս դժվար պահին Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաեւ բարձր եմ գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ստեղծված կառուցողական համագործակցությունը: Բոլորիս նպատակը մեկն է` արդյունավետ կերպով պայքարել համավարակի դեմ եւ հնարավորինս մեղմել դրա սոցիալ-տնտեսական հետեւանքները», -ընդգծել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի համատեղ ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝ 1) իրավունքների եւ փաստերի վրա հիմնված սոցիալական պաշտպանության տրամադրումը, մասնավորապես՝ կանխիկ գումարի փոխանցման եւ առաջնային ծառայությունների տեսքով, ինչը հնարավորություն կտա բարելավելու բարդ իրավիճակում գտնվող խմբերի կարգավիճակը եւ նվազագույնի հասցնելու նրանց խոցելիությունը ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցությունների հանդեպ, եւ 2) բարդ իրավիճակում գտնվող խմբերի եւ միկրո, փոքր ու միջին չափի ձեռնարկությունների (ՓՄՁ) աշխատատեղերի եւ ձեռնարկատիրական ջանքերի աջակցումը եւ խթանումը, այդ թվում՝ ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը բարելավման, ինչպես նաեւ՝ թվային նորարարությունների միջոցով:

«Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամի աջակցությունը հնարավոր է դարձել Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի եւ Դանիայի կառավարությունների առաջին ներդրումների շնորհիվ, ինչը ՄԱԿ-ին հնարավորություն է տվել ստեղծել ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման հիմնադրամ: Բոլոր անհատները եւ կազմակերպությունները, որ ցանկանում են աջակցել այս ծրագրին, կարող են հանգանակել հատուկ կայքի միջոցով, իրենց նվիրատվությունը հատկացնելով Հայաստանին, կամ կապ հաստատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի գրասենյակի հետ՝ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

«Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամը ՄԱԿ-ի միջգերատեսչական ֆինանսավորման մեխանիզմ է, որը գործարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից 2020 թվականի ապրիլին՝ աջակցելու համար ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին՝ հաղթահարելու ՔՈՎԻԴ-19 համավարակի հետեւանքով ծագած առողջապահական եւ զարգացման ճգնաժամը: Հիմնադրամը կառավարվում է Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (ԲԳՆՀ) կողմից եւ աջակցում է տնտեսական ծանր վիճակի եւ սոցիալական խաթարման հանդեպ առավել խոցելի խմբերին (ԲԳՆՀ-ի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այս հղմամբ: