Ակնկալվում է այս տարեվերջին ունենալ հանրային քննարկումների փուլն անցած նոր Սահմանադրության հայեցակարգ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է 2020թ. փետրվարից կատարված աշխատանքները՝ նշելով, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քննարկումներն անցկացվել են հեռավար տարբերակով:

Նա ընդգծել է, որ մանրամասն քննարկումներ են ծավալվել վարչապետի նշած առանցքային հարցերի շուրջ՝ քաղաքացի-պետական ինստիտուտներ օրգանական կապի վերականգման  տրամաբանության ներքո: Դիտարկվել են միջազգային գործընկերների հետ համագործակցության, խորհրդատվական օժանդակության հարցերը: Հանձնաժողովը շարունակում է ակտիվ քննարկումներն օրակարգային հարցերի շուրջ, ակնկալվում է մինչեւ 2020 թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչեւ 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ:

Հանձնաժողովի անդամներն արդյունավետ են գնահատել կայացած քննարկումները եւ իրենց դիտարկումներն են ներկայացրել ՀՀ վարչապետի նշած հարցադրումների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ սահմանադրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքացի-պետական կարգ օրգանական կապի վերականգնման, դատական համակարգի անկախության, ընտրական մեխանիզմների թափանցիկության երաշխավորման եւ ֆունդամենտալ այլ մոտեցումների տրամաբանությամբ: Ընդգծվել է գործընթացի թափանցիկության ապահովման եւ այդ նպատակով նախատեսված հանրային քննարկումների կարեւորությունը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է արդյունավետ աշխատանքային մթնոլորտը, շնորհակալություն հայտնել հեռավար կարգով կատարված աշխատանքների համար եւ հաջողություն մաղթել հանձնաժողովի հետագա աշխատանքներին: