Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները զրուցել են տեսակապով

Տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցը՝ տեսակապի ձևաչափով Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական բաժինը։

Անդրադառնալով հայ-մոլդովական երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվեց տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման միջոցով: