Զիդանը հավասարվեց Դել Բոսկեին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում տարած հաղթանակների քանակով ֆրանսիացի Զինեդին Զիդանը հավասարվեց իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին։

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Վալենսիային» 3։0 հաշվով հաղթելու շնորհիվ Զիդանը բոլոր մրցաշարերում հաղթանակների քանակը հասցրեց 133-ի։ Զիդանն այդ ցուցանիշին հասել է 201 խաղում, Դել Բոսկեն՝ 246 խաղում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Առաջատարը իսպանացի Միգել Մունյոսն է, որը 605 խաղում տարել է 357 հաղթանակ։

Զիդանի հետ «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։