Ժողովրդի գնահատականից վեհ գնահատական գոյություն չունի. Մհեր Մովսիսյան

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում ևս փետրվարի 17-ին սպասվում է ՏԻՄ ընտրություններ: Այստեղ պայքարի են դուրս եկել Մհեր Մովսիսյանը և Գարիկ Նազարյանը: Համայնքում տիրում է լարված մթնոլորտ, քանի որ պայքարում են նախկին համայնքապետը և նորահայտ թեկնածուն: Մալիշկայում ներկայումս գործում է սուրբ Աննա եկեղեցին, որի հարակից բարեկարգ տարածքը հարմարավետ հանգստի գոտի է դարձել բնակչության, առանձնապես երիտասարդների համար։ Եկեղեցու հարեւանությամբ բացվեց նաեւ Հայ-ռուսական բարեկամության թանգարանը, որտեղ ցուցադրվում են հայ եւ ռուս աշխարհահռչակ արվեստագետների գործերը, ինչպիսիք են, օրինակ, Այվազովսկու կտավները: Նախորդ տարվա հոկտեմբերի 4-ին եկեղեցին բազմամարդ էր. Մալիշկայի համայնքը մեծ շուքով նշում էր եկեղեցու 10-ամյակը: Միջոցառումը սկսվեց Սուրբ պատարագով: Պատարագից հետո Եղեգնաձորի հոգեւոր հայր Վազգեն քահանան հանդես եկավ ողջույնի խոսքով` Աստծո օրհնությունը փոխանցելով հավաքված հավատացյալներին: Այս տարիների ընթացքում գյուղի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ են լուծում ստացել, բայց քիչ չեն նաև չլուծված խնդիրները: Մալիշկա գյուղ կատարած մեր այցելության ընթացքում պարզեցինք, որ գյուղացիները մեծ հարգանք են տածում իրենց նախկին համայնքի ղեկավարի՝ Մհեր Մովսիսյանի հանդեպ: Մեր օրերում նման վերաբերմունքի ամեն քայլափոխի չէ, որ կարելի է հանդիպել:

Մեր զրուցակիցն է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղական համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Մովսիսյանը:

-Պարոն Մովսիսյան, Ձեր մասին կարծիք հայտնելիս առաջին հերթին ընդգծում են Ձեր փորձառության փաստը:

-Ուրախ եմ, որ համագյուղացիներս գնահատում են իմ փորձառությունը: Գյուղը մի մեծ ընտանիքն է: Իմ անցած ճանապարհը, ինչպես նշեցիք իմ փորձառությունը ինձ ուժ տվեց նաև իմ համայնքում լավ աշխատելու: 2002թ-ին ընտրվել եմ համայնքապետ և միշտ էլ ձգտել ու ձգտում եմ առաջին հերթին հաշվի առնել բնակչությանս շահերը: Եվ, պատկերացրեք, իմ փորձառությունն ու բնակիչ -գյուղապետ անմիջական շփումն էլ ինձ հնարավորություն է տալիս ճանաչել մեր գյուղացիներին, սրտացավորեն մոտենալ նրանց բոլոր հոգսերին: 1989-2002թթ. աշխատել եմ Մալիշկայի թիվ 2 դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: 2003թ. ընտրվել եմ «Սևան» ընկերության Վայոց ձորի մարզի նախագահ: Այնուհետև 2002թ. հոկտեմբերին ընտրվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար: 2005, 2008 և 2012 թվականներին ՏԻՄ ընտրություններում վերընտրվել եմ Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնում: 2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել եմ «Անանիա Շիրակացի» մեդալով: Ինչպես նաև պարգևատրվել եմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ոսկե մեդալով: Իսկ 2011թ-ին ՀՀ վարչապետի հրամանագրով ճանաչվել լավագույն համայնքի ղեկավար: Դե պատկերացրեք ինչքան պարտավորված եմ ինձ զգում:

-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:

-Ինձ համար անչափ կարևոր է մարդկանց հուսախաբ չանելը, նրանք հավատացել ու իրենց ձայնը վստահել են ինձ: Դա մեծ պատասխանատվություն է: Ինձ հաջողվել է վեր հանել համայնքի առջև ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու հնարավորինս արագ լուծել դրանք: Ինչպես գիտեք բոլորին է հայտնի այս գյուղը, որովհետև Աբրահամյան եղբայրները նաև այս գյուղի ծնունդն են, ինչու չէ նրանք էլ շատ մեծ ներդրումներ ունեն իրենց ծննդավայրում ….

– Պարոն Մովսիսյան ինչպեսի՞ն են գյուղի ղեկավարության և հասարակության հարաբերությունները եղել ձեր ղեկավարման ժամանակահատվածուն:

-Անհամեստություն թող չթվա, բայց ջերմ ու մտերիմ փոխհարաբերություններ ունեմ համագյուղացիներիս հետ: Հնարավորության սահմաններում ամեն ինչ անում եմ, որպեսզի բարելավվի մարդկանց վիճակը, թեթևանա հոգսը: Մալիշկայում, ինչպես ամենուր, կան սոցիալապես անապահով ընտանիքներ: Փորձում էինք հնարավոր միջոցներով օգնել նրանց: Զոհված ազատամարտիկների ընտանիքներին էլ գյուղապետարանը դրամական օգնություն էր հատկացնում: Յուրաքանչյուր միջոցառում անցկացնում էինք մեծ շուքով, առնձնահատուկ վերաբերմունքով: Ամեն տարի սեպտեմբերի 1-ին դպրոց էինք գնում նվերներով, անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքեր ենք տրամադրում: Ավանդույթ է դարձել նաև Վերջին զանգի օրը նվերներով գնալ դպրոց՝շնորհավորելու շրջանավարտներին: Մալիշկան նաև պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հարգելու նախապատվություն ունի, նրանց հոգիները միշտ վառ պահելը մեր պարտքն ենք համարում: Այդ օրը ողջ գյուղով հիշատակի օր է լինում գյուղում …

Ամեն տարի մայիսի 9-ին շուքով նշում էինք մեր հաղթանակների օրը:

-Ձեր տված խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել:

– Բոլոր խոստումներս էլ գրեթե կատարել եմ: Շուրջ 14 տարի առաջ, երբ ստանձնեցի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը գյուղում ո՛չ գազ կար, ո՛չ խմելու ջուր, ո՛չ լուսավորություն, ո՛չ նորմալ դպրոց, ո՛չ ճանապարհ: Մեր գյուղն այսօր իրոք դինամիկ զարգացող համայնքներից մեկն է, սակայն, այս մակարդակին հասնելու համար մեծ ճանապարհ ենք անցել: Առաջին խնդիրը, որ կարևորվեց գյուղում, խմելու ջրի հարցն էր: 2011թ-ին ամբողջ գյուղը 100 տոկոսով ապահովվեց խմելու ջրով՝ ներքին ցանցը փոխվեց ամբողջությամբ, 60-ական թվականներից կառուցված խողովակներ էին, արդեն քայքայվել էին և ոչ պիտանի, դրանք հսկայական աշխատանքներ էին, որ կատարվեցին կառավարության ծրագրով: Մենք ըդդիմացող հասարակություն չունենք, ես ինքս եմ իմ անելիքը գիտակցել և ունեցել եմ պատասխանատվության զգացում: Ժողովրդի գնահատականից վեհ գնահատական գոյություն չունի: Հաջորդ խնդրի կարգավորումը, որին ուզում եմ անդրադառնամ՝ դպրոցի հիմնավերանորոգումն էր և գույքով ապահովելը: Արա Աբրահամյանի կողմից նվեր էր մեր երեխաներին: Գյուղում ունենք վերանորոգված 2 մանկապարտեզ, նախագահի նախընտրական խոստումներից մեկն էր, որ կատարվեց, բնականաբար գյուղապետարանի 10 տոկոս բյուջեի ներդրմամբ: Համայնքի փողոցները լուսավորված են, ժամանակին ես ամեն ինչը սկսել եմ զրոյից: Այնպես չէ, որ ձեռքներս ծալած նստած ենք, ամեն ինչ արել եմ, և գյուղացու, և գյուղի վիճակը բարելավելու համար և հասել արդյունքների: Հասկանում ենք, որ հանրապետությունում սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, բայց մենք էլ մեր հերթին փորձում ենք անել այնպես, որ այն փոքր-ինչ մեղմվի: Ես միշտ բնակչության կողքին եմ եղել, և ուրախությանը, և տխրությանը: Արդեն գազաֆիկացված է համայնքը, թեև դեռևս ունենք մի քանի քանի փողոցներ, որոնք գազաֆիկացված չեն, ժամանակի ընթացքում ավարտին կհասցնենք: Մարդկանց ամեն մի հոգսը նաև իմն է եղել և ես պարտավոր էի այդպիսին լինելու, և հոգուցս է գալիս…Ես ոչինչ չեմ մոռանում…

-Պարոն Մովսիսյան ինչպե՞ս կգնահատեք ձեր և մյուս թեկնածուի շանսերը:

-Չեմ սիրում թերագնահատել դիմացինիս ինձ գերագնահատելով, ամեն ինչ առջևում է, ժամանակը ցույց կտա ձեր հարցերի պատասխանները:

-Ի՞նչ կմաղթեք մալիշկացիներին:

-Նախ՝ամբողջ մեր երկրին խաղաղություն եմ մաղթում, իսկ իմ համագյուղացիներին կցանկանայի, որ երբեք չկորցնեին լավատեսությունը և հավատային, որ այս պետությունը հզոր է առաջին հերթին իրենցով՝այս հողի վրա քրտինք թափող ու բարիք արարող մարդկանցով, որ առողջ լինեն և վայելեն իրենց քրտնաջան աշխատանքի պտուղները: Թեև մեր դժվարամարս և հոգսաշատ առօրյայի՝ մենք քաղում ենք մեր աշխատանքին համապատասխան պտուղները: Բոլորին բարեկեցություն եմ մաղթում և համբերություն՝ դժվարություններին դիմակայելու համար…Այստեղ ապրողներին ես հզոր ու ուժեղ մարդիկ եմ համարում, քանի որ միայն ողջամիտ լինելն է լուծումը, ցանկացած խնդրում… «Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև ունեմ օրինակելի ընտանիք ու սիրված գործ: Մ՞իթե երջանկություն չէ վայելել մի ամբողջ գյուղի սերն ու հարգանքը…

Մալիշկան իմ կենսագրությունն է, իմ անցյալը, ներկան ու ապագան, և հիմք ընդունելով դա կհորդորեի մալիշկացիներին քվեարկել իրենց սրտի ձայնին լսելով» …