«Քուրդ զինյալների հետ կապված Թուրքիայի մտավախությունն անհիմն է». թուրքագետ

«Հայ-թուրքական սահմանին պատ կառուցելը կարող է կապված լինել Թուրքական իշխանությունների այն անհիմն մտահոգության հետ, թե իբր քուրդ զինյալներն օգտագործում են հայ-թուրքական սահմանը»։ Նման կարծիք հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը 1lur.am-ին տված հարցազրույցի ժամանակ:

— Պարոն Իսպիրյան, ըստ Ձեզ՝ իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում թուրքական կողմի այս ծրագիրը:

-Պատ կառուցելու մասին տեղեկությունը հայտնվել է իշխանամետ պարբերականում, սակայն այն պաշտոնական հայտարարություն չէ։ Պարզապես լրագրողն իր աղբյուրների հիման վրա է գրել այս տեղեկությունը։ Եթե թեկուզ Թուրքիան որոշել է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին, դա առանձնապես մտահոգվելու առիթ չէ։ Նախ, Հունաստանն ու Բուլղարիան վաղուց նման պատեր են կառուցել Թուրքիայի հետ սահմանին և որևէ վատ բան դրանից տեղի չունեցավ։ Երկրորդը՝ Թուրքիան պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին, իսկ Հայաստանի հետ միասին ըստ հայտարարության պետք է պատ կառուցվի նաև Իրանի հետ սահմանին։ Որպես պատճառներ ենթադրվում են մաքսանենգության դեմ պայքարն ու քուրդ զինյալների անցուդարձը կանխելը։

 

— Օրինակ Սիրիայի հետ սահմանին պատ կառուցելը մեկնաբանվում էր ահաբեկչական գործողությունների կանխմամբ : Հայաստանի դեպքում նման ռիսկ չկա: Ի՞նչ իմաստ ունի պատ կառուցելը, եթե, իհարկե, չանդրադառնանք մաքսանենգության խնդրին:

-Քանի որ հայտարարության մեջ նշվել է Իրանի ու Հայաստանի հետ սահմանին պատ կառուցելու մասին, ուստի հատկանշական է, որ Իրանի տարածքից մեծ քանակությամբ վառելիք ու այլ ապրանքներ են մաքսանենգ ճանապարհով մտնում Թուրքիա։ Իսկ Հայաստանի պարագայում Թուրքիան քուրդ զինյալների հետ կապված մտավախություն ունի։ Թուրքական իշխանությունները նախկինում պնդումներ էին անում, թե իբր քուրդ զինյալներն օգտագործում են հայ-թուրքական սահմանը։ Պատի կառուցումը կապված կարող է լինել իրենց այս անհիմն մտահոգության հետ։

 

-Իսկ պատի կառուցումը չի՞ կարող որևէ կերպ ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա և, ի վերջո, դառնալ օրակարգային հարց:

-Այս ենթադրյալ կառուցվելիք պատը չի կարող բացասաբար ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա: Օրինակ, առևտրային հարաբերությունները դրանից չեն կարող տուժել, քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ բաց սահման չունի: Ավելին, Հայաստանը Թուրքիայի հետ ուղիղ առևտրային հարաբերություններ չունի, իսկ տեղի ունեցող առևտուրն էլ իրականացվում է Վրաստանի միջոցով։

 

-Եթե Թուրքական կողմը պաշտոնական հայտարարությամբ հանդես գա սահմանին պատ կառուցելու վերաբերյալ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն պիտի լինի հայկական կողմի արձագանքը:

-Եթե պատը բնապահպանական կամ այլ տեսանկյունից վտանգ չի ներկայացնում Հայաստանին, ապա արձագանքելու կարիք չկա էլ։ Նորից կարելի է հիշել Բուլղարիայի ու Հունաստանի կողմից պատ կառուցելը։

 

Հարցազրույցը՝ 1lur.am-ի: