Անցած 25 տարիները մեզ ապացուցեցին, որ մենք այլ ելք չունենք. Մկրտիչ Մինասյան

Խորհրդարանական ընտրություններին ընթառաջ՝ ներքաղաքական զարգացումների, միավորված կուսակցությունների և այդ ուժերի հավանական հնարավորությունների մասին 1lur.am-ը զրուցեցել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ, ով հույս ունի, որ խորհրդարանական ընտրությունները կլինեն թափանցիկ,  արդյունքներն էլ՝ ոչ վիճահարույց։

 

—Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում երկրում ստեղծված քաղաքական մթնոլորտը։
—Գնահատում  եմ նորմալ։ Կարծում եմ՝ պալիտրան ավելի ընդարձակվեց, մրցակցության համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին և այդ մրցակցությունը կհանգեցնի քաղաքական ուժերի բյուրեղացմանը, կայացմանը և ժողովրդի ընտրությամբ այդ ուժերը կիրականացնեն իրենց գաղափարախոսության հիման վրա կազմած ծրագրերը, շատերն էլ չեն իրականացնի, քանի որ, բնականաբար, բոլորը չէ, որ կընտրվեն։
—Երկրի համար ստեղծված ծանր իրավիճակից փրկությունը պետք է լինի նոր ձևավորվող քաղաքականությունը։ Որքանո՞վ են մեր քաղաքական ուժերը պատրաստ դրան։
—Մենք այլ տարբերակ չունենք։ Ես ևս մեկ անգամ կնշեմ, որ ՀՀԿ-ն կամք է դրսևորում և գնալու է բացառապես այն ճանապարհով, որ ընտրությունները անցնեն հրապարակային ու թափանցիկ։ Աշխարհը գնում է այդ ճանապարհով, մենք ևս պետք է գնանք։ Անցած 25 տարիները մեզ ապացուցեցին, որ մենք այլ ելք չունենք։ Քաղաքական ուժերը, ձևավորված քաղաքական դաշինքները և հենց ինքը՝ ժողովուրդը, պետք է ընկալեն իրենց նպատակներն ու պարտականությունները և կատարեն իրենց պարտքը երկրի առաջ:
 — Իչպե՞ս եք վերաբերվում «Ժառանգություն» կուսակցության վարած քաղաքականությանը։ Արդյո՞ք հնարավոր է դրական լուրջ փոփոխություններ սպասել այն քաղաքական ուժից, որի ղեկավարը տարվա մեծ մասը բացակայում է երկրից։
—Չէի ցանկանա նախքան ընտրությունները կարծիք հայտնել, կամ որևէ գնահատական տալ, այն էլ բացասական։ Դուք ինքներդ Ձեր հարցադրման մեջ արդեն իսկ պատասխանեցիք, կամ գոնե մտահոգություն հայտնեցիք։ Այդ նույն մտահոգությունը ինձ մոտ ևս առկա է։
—Ինչպե՞ս կբնութագրեք երկրում առկա խառնաշփոթ  իրավիճակն ու առաջացած ներքին անհամաձայնությունները։
—Գիտեք՝ առանձին կուսակցությունների մոտ ամբիցիաներն ավելի կարևոր են, քան նպատակները։ Մյուսի մոտ նպատակներն առավել կարևոր են քան գաղափարները, իսկ երրորդի մոտ գաղափարն ավելի կարևոր է քան մնացած երկուսը։ Այս չբյուրեղացած քաղաքագիտական կատեգորիաների, երկրին հակասող իրավիճակների պայմանում, պետք է, որ Ձեր նշած խառնաշփոթը լինի։ Իսկ այն, որ շատերը դա կապում են ժամանակի սուղ լինելու հետ, ասեմ, որ  բոլորը դեռ մեկ տարի առաջ գիտեին, որ ապրիլի երկուսին ընտրություններ պետք է լինեն․ նախապատրաստվելու համար ժամանակը սուղ լինել չէր կարող։ Այլ հարց է, որ ժամանակը չի բավականացնում, այնպես ինչպես ուսանողների մոտ է լինում․ քննություններից մեկ օր առաջ ասում են, եթե մեկ օր էլ ավել լիներ լավ կպատրաստվեինք։ Ինչպես ասում են՝ ընտրությունների ավարտից հետո  յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է մտածի հաջորդ ընտրություների և ժողովրդի ձայնը ստանալու մասին։
—Պարոն Մինասյան, այս ընտրությունները տարբերվում են կուսակցությունների միավորումներով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դաշինքների ձևավորմանը և որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ ընտրություններից հետո չեն տարանջատվի։
—Ասեմ, որ լավ եմ վերաբերվում։ Փոքր քաղաքական ուժերը, որոնք ընտրություններում 1-2% ունեն, կարող են միավորվել մի քանիսի հետ և մեծացնել իրենց խորհրդարանական ուժ դառնալու հավանականությունը։ Եվ ասեմ, որ դա դրական կանրադառնա մեր երկրի վրա։ Իսկ հարցի երկրոորդ մասին կրկին այս կերպ կպատասխանեմ. կարևոր է, թե ինչի՞ շուրջ են հավաքվել: Նորից եմ ուզում կրկնել՝  առանձին կուսակցությունների մոտ ամբիցիաներն ավելի կարևոր են, քան նպատակները։ Մյուսի մոտ նպատակներն առավել կարևոր են քան գաղափարները, իսկ երրորդի մոտ գաղափարն ավելի կարևոր է քան մնացած երկուսը։ Արդյունքից պարզ կդառնա, թե դաշինքն ինչի՞ շուրջ էր համախմբվել և թե նրանց համար ի՞նչն էր կարևոր։ Եթե համախմբվել են գաղափարի շուրջ, այս դեպքում չեն ցրվի, մյուս դեպքերում դա անխուսափելի կլինի։
—Իսկ ինչպե՞ս պետք է կողմնորոշվի ժողովուրդը, ինչպե՞ս պիտի կատարի իր ընտրությունը։
—Ժողովուրդը, հավատացեք, իմաստուն է և սրանք պարզապես խոսքեր չեն։ Նա  կորոշի, թե ում ծրագրերն են ավելի իրատեսական և որքանով է կարող իրագործել այն։ Նա պետք է որոշի, թե ո՞վ կարող է երկրում կայունություն և խաղաղություն ապահովել։